Պարգևավճարներն արդարացված են․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Կրճատվել են 11 հանձնաժողովների նախագահների տեղակալների և Աժ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական մեքենաները։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։
Լրագրողները ԱԺ նախագահին կրկին հարցրեցին պարգևավճարների մասին։
Նա մանրամասնեց, որ 580 միլիոն դրամ՝ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար։
«Մեծ հաշվով սա կոպիտ մաթեմատիկական հաշվարկով՝ ամիսը 240 հազար դրամ գումար է, ինչը կարծում եմ կարող եք համարել հարկի կամ անհարկի՝ քաղաքական դիրքորոշման հարց է։ Մենք չենք թաքցրել մեր համազմունքը, մենք չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է։ Մաթեմատիկական հաշվարկ արեցի, որպեսզի ցրենք այն թյուր կարծիքը, թե ինչ-որ միլիոնների մասին է խոսքը։ Իմ պարգևավճարը համամասնորեն է՝ 30 տոկոսով, աշխատավարձի չափով է։ Այնպես ինչպես սահմանված է օրենքով»,- նշեց ԱԺ նախագահը։
Անդրադառնալով նրան, որ «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունները ՀՀ նախագահը չի ստորագրել և հայտնի չէ՝ կդիմի այդ հարցով ՍԴ, թե ոչ, որի համար ունի 21-օրյա ժամկետ, Միրզոյանն արձագանքեց․
«Ես այս թեմայով ՀՀ նախագահի հետ չեմ խոսել: Կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ օրենսդրորեն ԱԺ նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորություն: Ես հետևել եմ քննարկումներին: Հնչել են երկու տարբեր կարծիքներ․ մի մասն ասում է, որ այն պահից, երբ նախագահը նամակով ինձ տեղեկացրել է, որ չի ստորագրելու օրենքը, ես այդ պահից սկսած կարող եմ ստորագրել: Մյուս մասը, իմ դիտարկմամբ, իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը, ընդ որում քաղաքական ամենատարբեր ճամբարներից, կարծում են, որ անկախ նախագահի գրությունից, նա ունի իրեն տրված 21 օրը, նա կարող է փոշմանել, կարող է վիճարկել ՍԴ-ում, 21 օրը պետք է լրանա, որից հետո նախագահի չստորագրելու դեպքում և ՍԴ չդիմելու դեպքում՝ ԱԺ նախագահի համար առաջանում է իրավական հնարավորություն ստորագրելու կամ չստորագրելու օրենքի նախագիծը»,- նշեց նա։
Կարծիքներ