Ակտիվիստները ներկ են լցրել Գուստավ Կլիմտի գլուխգործոցներից մեկի վրա

Ակտիվիստները ներկ են լցրել Գուստավ Կլիմտի գլուխգործոցներից մեկի վրա

Վիեննայի «Լեոպոլդ» թանգարանում կլիմայական ակտիվիստները սև, յուղային հեղուկ են լցրել ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմի «Մահ և կյանք»  գլուխգործոցի վրա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Daily Mail պարբերականից:

Նշվում է, որ «Վերջին սերունդ» խմբի երկու անդամ ներկը լցրել են Կլիմտի նկարի վրա, որից հետո նրանցից մեկն իրեն սոսնձել է նկարը պաշտպանող ապակուն: Մինչև ոստիկանների գալը թանգարանի անվտանգության աշխատակցին հաջողվել է զսպել ակտիվիստներից մեկին:

«Վերականգնման բաժնի աշխատակիցներն աշխատում են, որպեսզի հասկանան՝ արդյոք ապակով պաշտպանված նկարը վնասվել է, թե ոչ», - հայտնել է թանգարանի խոսնակ Կլաուս Պոկորնին:

Ակտիվիստներն իրենց «Թվիթերի» էջում հայտնել են, որ նման արարքով իրենց բողոքն են հայտնել նավթի և գազի հորատման դեմ, ինչը նրանք անվանում են «մահապատիժ հասարակության համար»:

Չնայած թանգարանում գործող անվտանգության խիստ միջոցառումներին՝ ակտիվիստներին հաջողվել է հեղուկը ներս բերել տաք ջրի շշով՝ այն թաքցնելով հագուստի տակ:

Վերջին շաբաթներին Եվրոպայում բազմաթիվ արվեստի գլուխգործոցներ հարձակման են ենթարկվել ակտիվիստների կողմից՝ կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիաների շրջանակներում: Հարձակման ենթարկված նկարների շարքում են Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկները», Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» կտավի վաղ կրկնօրինակներից մեկը, Ջոն Կոնստեբլի «Խոտի սայլը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում