Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով

Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով

 Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստին նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։

«Առաջարկը ինձ եկել է ԵՊՀ ռեկտոր Հովհաններս Հովհաննիսյանի կողմից։ Նախագծի նպատակը հայ համալսարանական գիտնականներին հանրահռչակելն է»,-ասաց նա։

Նախագծի համաձայն Այգեստանի 1-ին փողոցը կանվանակոչվի պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի անվամբ՝ «Նիկոլ Աղբալյան փողոց»,  Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի անվամբ՝ «Մանուկ Աբեղյան փողոց»,  Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի անվամբ՝ «Գրիգոր Չուբարյան փողոց»։

Զաքարյանն ասաց, որ Այգեստանի 4-րդ փողոցը կանվանակոչվի տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի անվամբ՝ «Թադևոս Ավդալբեգյան փողոց»,  Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անվամբ՝ «Սերգեյ Մերգելյան փողոց», Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի անվամբ՝ «Արմեն Թախտաջյան փողոց»,  Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի անվամբ՝ «Միքայել Չայլախյան փողոց», Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անվամբ՝ «Գևորգ Ջահուկյան փողոց»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում