Մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի արտահերթ նստաշրջանը
Մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի 26-րդ և Կողմերի 3-րդ արտահերթ նստաշրջանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջը։
Քննարկվել են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության հարցերը, մասնավորապես էկոպիտակավորման, շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող արտադրությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության և տվյալների թվայնացման հարցերը, ներկայացվել է լավագույն փորձը։
Կարևորվել է Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների խթանումը պլաստիկով աղտոտվածության վերաբերյալ իրավական պարտավորեցնող միջազգային որոշումների կայացման գործում:
Այնուհետ քննարկվել է Օրհուսի կոնվենցիայի Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վերաբերյալ լրացման վավերացման հարցը։ Նախագահողը կոչ է արել այն կողմերին, որոնց ձայնը կարևոր է լրացումն ուժի մեջ մտնելու համար, ներկայացնել, թե ինչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ իրենց երկրում։
Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Մարի Չաքրյանը ներկայացրել է, որ Հայաստանում իրականացվում են համապատասխան գործընթացներ վավերացման համար անհրաժեշտ իրավական հիմք ստեղծելու ուղղությամբ։
Նա մասնավորապես նշել է, որ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։ Այն ընդունելու դեպքում առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի ողջ տարածքում:
Ներկայացրել է նաև Կենսաբազմազանության կոնվենցիայի Կարթագենյան արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակում Բնապահպանական ԾԻԳ-ի իրականացված դասընթացների մասին, որոնց ընթացքում ոլորտի դերակատարների ներկայացուցիչները տեղեկացել են ԳՁՕ-ների վերաբերյալ տեղեկատվական հարթակի գործարկման մասին։
Կարծիքներ