ՄԻՊ-ը դիմել է ՍԴ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների ֆիքսված չափերի հարցով
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել այն մասին, որ Հարկային օրենսգիրքը նախատեսել է տուգանքների ֆիքսված, այն էլ բարձր չափեր հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար։ Արման Թաթոյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Այս հարցով դիմել եմ նաև Սահմանադրական դատարան. վիճարկում եմ այն, որ տուգանքների ֆիքսված չափեր սահմանելով` հաշվի չի առնվում իրավախախտման հանգամանքները և չի տալիս անհատականացման հնարավորություն:
Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել»,- ասված է գրառման մեջ։
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ տուգանքները նշանակվում են առանց ենթադրյալ իրավախախտման հանգամանքներին ու իրավիճակին անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Նշվում է, որ առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։
«Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:
Այս վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից»,- գրել է Թաթոյանը։
Կարծիքներ