Գիշերային ակումբում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գիշերային ակումբում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Կատալինա» գիշերային ակումբում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 2021թ. մարտի 21-ին Չարենցավան քաղաքի բնակիչն ընկերների հետ այցելել է «Կատալինա» գիշերային ակումբ, որտեղ ժամը 05:00-ի սահմաններում վիճաբանություն է առաջացել նրա և ակումբի տնօրենի միջև, ինչին միջամտել է նաև վերջինիս ազգականը: Քննության տվյալներով՝ երիտասարդը վիճաբանության ընթացքում ցանկացել է դանակով հարվածել տնօրենին, սակայն ծեծի է ենթարկվել վերջինիս և նրա ազգականի կողմից:

Չարենցավանի բնակիչը, չհանդուրժելով տեղի ունեցածը, 2021թ. մարտի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, իր՝ շուրջ 30 ընկերների հետ, սեփական անձի առավելությունն ընդգծելու, հասարակության համընդհանուր ճանաչում ստացած բարոյականության նորմերին հակադրվելու մոլուցքով տարված, ցուցադրական կերպով անտեսելով հասարակական վայրում վարքագծի և մարդկային համակեցության կանոնները, որսորդական հրացանով, ատրճանակով, փայտե մահակներով զինված, մտել են նշված գիշերային ակումբ և խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ակումբում գտնվող անձնակազմի ու հաճախորդների նկատմամբ`  կոտրել և վնասել են ակումբի դռները, որսորդական հրացանով ու գազային ատրճանակով կրակել ակումբի պատերին, բռնություն գործադրել ակումբի հաճախորդներից մեկի նկատմամբ` ծեծի ենթարկելով և մարմնական վնասվածքներ պատճառելով նրան՝ այդ կերպ ակումբի աշխատակիցների ու հաճախորդների մոտ առաջացնելով սեփական անձի անձեռնմխելիության հանդեպ տագնապի և վախի զգացում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ ակումբի պատերին հայտնաբերվել են կրակոցի հետքեր, փշրված ապակիներ, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, միջադեպին մասնակիցներից չորսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի ժամանակ գործադրված հրազենի ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում