Գուրգեն Ներսիսյանն ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների» ՀԿ անդամներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն երեկ՝ մարտի 22-ին, ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների միություն» ՀԿ անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին և միության բոլոր անդամներին տարիների ընթացքում Արցախին և մեր ժողովրդին մատուցած ծառայությունների համար, բարձր է գնահատել նրանց կուտակած փորձն ու արհեստավարժությունը, հասարակական կազմակերպության համակարգվածությունն ու կազմակերպվածությունը՝ հույս հայտնելով, որ հետագա բոլոր աշխատանքներին միության անդամները մասնակից կդարձվեն և նրանց ներուժը կիրացվի առավելագույն չափով:
Պետական նախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։
Գ․Ներսիսյանը ընդգծել է հանրային կյանքում կազմակերպության առավել լայն ներգրավվածության անհրաժեշտությունը, խնդրելով դրանց մասնակից դարձնել նաև շրջանային կառույցների անդամներին:
Հանդիպման վերջում ներկաները տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում ԱրՊՀ-ում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ, որը իրականություն դարձնելը խիստ անհրաժեշտություն է։
Կարծիքներ