ԼՂ-ի ղեկավարության ստեղծած խուճապի պատճառով գնացին հայերը. Ալիևի հերթական արդարացումը

ԼՂ-ի ղեկավարության ստեղծած խուճապի պատճառով գնացին հայերը. Ալիևի հերթական արդարացումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլուգեին և, ի թիվս այլ հարցերի, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Հանդիպմանը նշվել է, որ մոտ ապագայում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ՝ կազմակերպության մասնագիտացված կառույցների հետ մեկտեղ, մեկ այլ առաքելություն կուղարկվի Ղարաբաղ, և Ադրբեջանը աջակցում է այս գործընթացին»,- ասված է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ըստ դրա՝ հանդիպմանը Ալիևն ասել է, որ Հայաստանի հետ սահմանին Լաչինի անցակետի ստեղծման օրվանից՝ 2023թ. ապրիլին, Ադրբեջանը աջակցում է ԼՂ-ում հայերի բժշկական տարհանման կազմակերպման գործընթացին ԿԽՄԿ-ի միջոցով:

Նրա խոսքով՝ ներկայումս ադրբեջանական բուժանձնակազմը ծառայություններ է մատուցում տեղի հայ բնակչությանը Ստեփանակերտում:

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին անդրադառնալով՝ Ալիևը նշել է. «Այսպես կոչված ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի տեղի բնակչության շրջանում և ստիպել նրանց տեղափոխվել Հայաստան»:

Ինչպես հայտարարել է Ալիևը, միգրացիոն պետական ծառայության, Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության աշխատակիցները սկսել են բնակչության գրանցման գործընթացը:

Ալիևի խոսքով՝ ենթակառուցվածքի կարևոր օբյեկտները, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանները գտնվում են ոստիկանության պաշտպանության ներքո, իսկ շրջանին էլեկտրաէներգիա է մատակարարվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում