Նիդեռլանդներում դատարանը կառավարությանը պարտավորեցրել է անհապաղ չեղարկել գիշերային պարետային ժամը
Նիդեռլանդներում դատարանը կառավարությանը պարտավորեցրել է անհապաղ չեղարկել գիշերային պարետային ժամը, որը մտցվել է կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար, որոշելով, որ դրա համար պատշաճ իրավական հիմք չկա, փոխանցում է Reuters-ը:
Հունվարի 23-ից մտցված պարետային ժամը բողոքի ցույցեր էր հրահրել, որոնք վերաճել էին անկարգությունների:
«Պարետային ժամը հիմնված է արտակարգ իրավիճակների մասին օրենքի վրա, երբ ժամանակ չկա խորհրդարանի հետ քննարկելու համար,- հայտարարել է Հաագայի դատարանը: - Այս դեպքում այդպիսի սուր անհրաժեշտություն չկար: Այսպիսի հեռուն գնացող միջոցառումները, ինչպիսին սա է, պետք է հիմնվեն պատշաճ օրենքների վրա»:
Դատարանը հայտարարել է, որ կառավարությունը չի պարզաբանել, թե ինչու էր պարետային ժամը անհրաժեշտ համավարակի այս փուլում, քանի որ Նիդեռլանդներում վարակման մակարդակը նվազել էր մինչ այն, երբ այս միջոցառումը մտել է ուժի մեջ:
Պարետային ժամը, որը գործում է 21:00-ից առավոտյան 4:30, անցյալ շաբաթ երկարաձգվել էր նվազագույնը մինչեւ մարտի 3-ը:
Կարծիքներ