Կիևում նշել են Ուկրաինայի հայկական հնագույն եկեղեցիներից մեկի տոնը

Կիևում նշել են Ուկրաինայի հայկական հնագույն եկեղեցիներից մեկի տոնը

Հայկական եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը, իսկ Կիևի հայերի համար այսօր նաև Աստվածածնի ծննդյան եկեղեցական տոնն է, որն ավելի վաղ նշվում էր Պոդոլ բնակավայրում։

Ինչպես AnalitikaUa.net-ի հետ զրույցում տեղեկացրեց սրբազան Մարկոս Հովհաննիսյանը, տոնի առթիվ երեկոյան պատարագ կմատուցվի։
 

Կրոնագետ Ռուսլան Խաչիկովի խոսքով՝ Սուրբ Աստվածածնի Ծննդյան տոնը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է` եկեղեցական տոնացույցի տարվա առաջին տոնը, որը նշվում է սեպտեմբերի սկզբին։ «Աստվածածնի հետ կապված հիշատակման օրերը առանձնահատուկ կարևորություն են ունեցել Ուկրաինայի համար` բավական է նշել, որ կարևորագույն վանական համալիրներից չորսը նվիրված են Աստվածածնին, որոնցից երեքը՝ ուղղափառ, իսկ չորրորդը հունական կաթոլիկ եկեղեցին է։ Կույս Մարիամը համարվում է Կիևի երկնային հովանավորներից մեկը, ինչպես բյուզանդական Կոստանդնուպոլսի հովանավորն էր համարվում ժամանակին։ Աստվածածնի ընդգծված պաշտամունքը ցույց է տալիս Ուկրաինայի և Կիևի վրա բյուզանդական մեծ ազդեցությունը»։

Գիտնականների տվյալներով՝ 13-14-րդ դարերում հայերի խիտ բնակեցման շրջանում եկեղեցին գտնվում էր Պոդոլում՝ ներկայիս Պոկրովսկայայի փողոցում։

Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության բաժնի ղեկավար Դավիթ Դավթյանը նշում է, որ Կիևի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու պատմությունը պետք է վերարժևորել և վերանայել։

Չնայած եկեղեցին չի պահպանվել, սակայն Կիևի հայերը նշում են եկեղեցական տոնը։ Կիևում այսօր կա երկու եկեղեցի, իսկ միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ կառուցվում է Արևելյան Եվրոպայի ամենամեծ հայկական վանական համալիրը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում հայկական պատմամշակութային ժառանգության  նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ։ 

«Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և կանենք ամեն ինչ ավելի ճանաչելի դարձնելու համար հայերի պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգությունը»,- նշել է Հայերի միության նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում