Մեքսիկայում ձերբակալվել է ամենաարյունարբու խմբավորումներից մեկի ղեկավարը
Մեքսիկայի ոստիկանությունն ու ԶՈՒ-ն հայտարարել են «Սանտա Ռոզա դե Լիմա» հանցախմբի ղեկավարին ձերբակալելու մասին, որը տարածում էր բռնություն եւ սարսափ Մեքսիկայի հյուսիսում եւ կենտրոնում, եւ «Խալիսկո» կարտելի վաղեմի թշնամին էր, հաղորդում է Associated Press-ը։
Իրավապահ մարմինները հրապարակել են նաեւ հանցագործի անունը․ նա Խոսե Անտոնիո Յեպեց Օրտիցն է, որն ավելի հայտնի է Էլ Մառո մականվամբ, ինչն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «դարբնի մուրճ»։
Հանցագործը տարբերվում էր իր վարքագծով այլ կարտելների ղեկավարներից։ Մասնավորապես, նա սիրում էր հրապարակել հուզիչ տեսաուղերձներ եւ սպառնալիքներ։ Օրինակ՝ իր տեսանյութերից մեկում Օրտիցը սպառնում էր միավորվել «Սինալոա» խմբավորման հետ «Խալիսկո»-ին հաղթելու համար։
Նա բազում տարիների ընթացքում աղմկահարույց առեւանգումների կազմակերպիչ էր։ Իր հինգ համախոհների հետ միասին նա բերման էր ենթարկվել ձեռնարկատեր կնոջ առեւանգման առիթով։
Նրա հանցախումբը նարկոկարտել չէր, սակայն ուներ բավականաչափ ազդեցություն։ Հանցախմբի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն փորձում էր ստեղծել համախոհների ցանց տեղի բնակիչների շրջանում՝ խոստանալով նրանց տոկոսներ թալանված պետական գործարաններից եւ գնացքներից։ Սակայն այդ օբյեկտների ուժգնացված պահպանման արդյունքում հանցախումբը սկսել էր զբաղվել մարդկանց առեւանգմամբ։
Կարծիքներ