Ագրարային համալսարանում բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր պաշտոնապես բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև բուհի դասախոսներ և ուսանողներ:
Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ագրոտեխնոլոգիական ուղղության զարգացումը մեր երկրում:
«Պետք է անենք հնարավորը՝ մեծացնելու մրցակցությունն այս ուղղությամբ, որպեսզի երիտասարդները ձգտեն ուսանել Ագրարային համալսարանում՝ մեզ համար կարևորագույն մասնագիտությունների գծով: Անասնաբուժության և անասնաբուծության բնագավառն այսօր շատ կարևոր է մեր երկրի համար: Մենք պետք է ունենանք որակյալ կադրեր, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով: Այս կենտրոնի բացումն ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը»,-փաստել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր կողմերին: Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ նմանօրինակ կենտրոնի ստեղծումն էլ ավելի կոգևորի ուսանողներին, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը կգործի հարմարավետ և ժամանակակից միջավայրում:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր հերթին կարևորել է գերազանցության կենտրոնի առկայությունը հենց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. «Անասնաբուժությունը միայն տեսական մասնագիտություն չէ. այն պահանջում է գործնական գիտելիքներ: Վստահ եմ, որ կենտրոնի գործունեությունը կնպաստի ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը»:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ևս կարևորել է կենտրոնի բացման իրողությունը՝ ընդգծելով, որ անասնաբուժության ոլորտը պետք է քայլի ժամանակին համահունչ:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորել է բուհի ուսանողներին՝ հավաստիացնելով, որ կենտրոնում ստեղծված են բոլոր նախադրյալները՝ բարձրակարգ և մրցունակ կրթություն ստանալու համար:
«Այսօր նաև անասնաբույժի օրն է, և այս մասնագիտական տոնն ինքնանպատակ չէ. այն ևս մեկ հնարավորություն է՝ վերհանելու ոլորտում առկա խնդիրները և խոսելու դրանց լուծումների մասին»,- շեշտել է ռեկտորը:
Անասնաբույժի օրվա կապակցությամբ և կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած անձինք արժանացել են շնորհակալագրերի, իսկ բուհի մի շարք դասախոսներ պարգևատրվել են ոսկե հուշամեդալով և շնորհակալագրերով՝ նվիրյալ մանկավարժ լինելու և սերունդների դաստիարակության գործում մեծ ավանդ ունենալու համար: Մրցանակները հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նշենք, որ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը հիմնադրվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։ Այն կնպաստի հետազոտահենք մասնագիտական կրթության միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, ինչպես նաև լուրջ խթան կհանդիսանա ոլորտում կրթական և գիտական գործընթացների բարեփոխման ու արդիականացման համար։ Գերազանցության կենտրոնը նաև հնարավորություն կստեղծի ուսանողներին զինել գործնական հմտություններով, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական և վերապատրաստման ծառայություններ մատուցել ֆերմերներին ու գործող անասնաբույժներին:
Կենտրոնն ունի երեք հիմնական բաժիններ՝ անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, կլինիկա և ուսումնական լսարաններ:
Կարծիքներ