Առանց ԱՄՆ մասնակցության ցանկացած անվտանգության երաշխիք Ուկրաինայի համար թույլ է․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ անվտանգության երաշխիքները առանցքային նշանակություն ունեն Ուկրաինայի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է հեռուստամարաթոնի շրջանակներում տված հարցազրույցում, որը փոխանցում է РБК-Украина-ն։
Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինայի համար «արդար խաղաղություն» հասկացությունը ներառում է հստակ տեսլական ԵՄ-ին անդամակցելու ժամկետների, ինչպես նաև անվտանգության հուսալի և ուժեղ երաշխիքների առկայության վերաբերյալ։ Նախագահը հավելել է, որ ՆԱՏՕ-ն լավագույն լուծումն է Ուկրաինայի համար, սակայն առանց ԱՄՆ-ի մասնակցության ցանկացած այլ երաշխիքներ կլինեն թույլ և ոչ բավարար։
«Անշուշտ, առանց ԱՄՆ-ի մասնակցության անվտանգության ցանկացած այլ երաշխիք Ուկրաինայի համար թույլ են։ Մինչ այժմ ոչ ոք Ուկրաինային անվտանգության այնպիսի երաշխիքներ չի առաջարկել, որոնք համեմատելի լինեն Իսրայելի ստացած երաշխիքների հետ», - հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը համեմատել է Իսրայելի անվտանգության իրավիճակը Ուկրաինայի հետ՝ նշելով, որ Իսրայելը, չնայած ՆԱՏՕ-ի անդամ չլինելուն, ունի ամուր անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դաշնակիցների աջակցությամբ։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի համար կարևոր է ոչ միայն ռազմական աջակցությունը, այլև դաշինքների և միջազգային գործընկերների հետ երկարատև անվտանգության երաշխիքների հստակեցումը։
Նա շեշտել է, որ Ուկրաինան պատրաստ է շարունակել պայքարը և կառուցել ուժեղ և անվտանգ պետություն, սակայն այդ ջանքերը չեն կարող արդյունավետ լինել առանց միջազգային գործընկերների, հատկապես ԱՄՆ-ի ակտիվ աջակցության։
Կարծիքներ