Քննարկվել են Հայաստանի և Նիժնի Նովգորոդի մարզի միջև առևտրատնտեսական կապերի հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տաշքենդում ընթացող «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել Նիժնի Նովգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանի հետ։
«Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում, մարզի տաղավարում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Նիժնի Նովգորոդի մարզի արդյունաբերության, առևտրի և ձեռներեցության նախարար Մաքսիմ Չերկեսովը, մարզի Գյուղատնտեսության և պարենային ռեսուրսների նախարար Նիկոլայ Դենիսովը և «Նիժնի Նովգորոդի մարզի զարգացման կորպորացիա» բաժնետիրական ընկերության մարքեթինգի կառավարման վարչության պետ Դմիտրի Դրուժինինը։
Հանդիպման օրակարգում էին Հայաստանի և Նիժնի Նովգորոդի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերը և համագործակցության զարգացման հեռանկարները։
Վահան Քերոբյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական դրույթները, երկրում ընթացող բարեփոխումները, Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները և առաջարկել համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանի և մարզի առևտրատնտեսական համագործակցությունն ակտիվացնելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր հնարավորություններ գտնելու և դրանք իրագործելու ուղղությամբ։
Կարծիքներ