Պուտինը մայիսի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Բելառուս
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 24-ին բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը մայիսի 23-24-ը Բելառուսում կգտնվի երկօրյա պաշտոնական այցով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԲԵԼՏԱ գործակալությանը հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում։
Երկու պետությունների ղեկավարների բանակցությունները մայիսի 24-ին Անկախության պալատում կանցկացվեն նախ նեղ, ապա ընդլայնված կազմով։
Կողմերը կքննարկեն Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները՝ ինտեգրացիոն օրակարգը և Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի կողմից ընդունված որոշումների իրագործումը, քաղաքական երկխոսությունը, համատեղ առևտրատնտեսական և կոոպերացիոն նախագծերի խթանումը, անվտանգության ամրապնդումը, փոխգործակցությունը հումանիտար ոլորտում։
Ուշադրության կենտրոնում ավանդաբար լինելու են նաև միջազգային օրակարգը, տարածաշրջանում տիրող իրադրությունը և առաջացող մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդումը:
Կարծիքներ