Վաշինգտոնի նախաձեռնությամբ Ռուբիո-Լավրով հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Փետրվարի 12-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցից հետո արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են պահպանել շփումները, լուծել ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները՝ ի շահ նախկին վարչակազմից ժառանգած փոխշահավետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության միակողմանի խոչընդոտների վերացման։
Պաշտոնյաները միջազգային արդի խնդիրների շուրջ փոխգործակցության պատրաստակամություն են հայտնել, ներառյալ՝ Ուկրաինայի շուրջ կարգավորումը, իրավիճակը Պաղեստինում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում և այլ տարածքներում։
Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2016 թվականին Օբամայի վարչակազմի կողմից ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության պայմանների առավելագույն խստացման քաղաքականությանն արագ վերջ դնելու ուղիների շուրջ, ինչը, իհարկե, ենթադրում է պատասխան քայլեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շատ մոտ ապագայում կազմակերպել փորձագետների հանդիպում՝ համաձայնեցնելու կոնկրետ քայլեր՝ փոխադարձաբար վերացնելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի օտարերկրյա առաքելությունների աշխատանքի խոչընդոտները։
Լավրովը և Ռուբիոն հաստատել են համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը՝ նախագահների կողմից սահմանված կարգով միջպետական երկխոսությունը վերականգնելու համար։ Կլինեն կանոնավոր շփումներ, ներառյալ՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարծիքներ