Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
«Զուրաբիշվիլին դեկտեմբերի 29-ին ստիպված կլինի թողնել իր պաշտոնը, և մենք կտեսնենք, թե որտեղ նա կշարունակի իր կյանքը՝ ճաղերի հետևում, թե ազատության մեջ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և հավելել, որ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնավարելու է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ, ուստի մնացած ժամանակում ոչինչ չի կարող անել։
«Ճիշտ է, որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ պնդում են, որ մինչև դեկտեմբերի 29-ը դեռ շատ բան կարող է լինել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչև դեկտեմբերի 29-ը շատ բան տեղի չի ունենա, Վրաստանում արմատական ընդդիմությունը չի հաղթի։ Ըստ այդմ, արմատական ընդդիմությունը, այդ թվում՝ Սալոմե Զուրաբիշվիլին, լուրջ ծրագրեր չեն ներկայացնելու։ Դեկտեմբերի 29-ին նա պետք է լքի իր պաշտոնը, և մենք կտեսնենք, թե որտեղ է նա շարունակում իր կյանքը՝ ճաղերի հետևում, թե ազատության մեջ»,- ասել է վարչապետը։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների արդյունքները, իսկ Սահմանադրական դատարանը հաստատել է դրանց լեգիտիմությունը, ուստի հիմքեր չկան կրկնակի խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար:
Նշենք, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել է, թե այսօր՝ դեկտեմերի 22-ին, ժամը 21:00-ին, ելույթ է ունենալու:
Կարծիքներ