ԵՄ–ն Սյունիքում սոցիալական ծրագրերի համար 413 մլն եվրո է ներդնում

ԵՄ–ն Սյունիքում սոցիալական ծրագրերի համար 413 մլն եվրո է ներդնում

Այսօր Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախանշել է Հայաստանին ցուցաբերվող արտակարգ և երկարաժամկետ աջակցության հետագա միջոցառումները։

Մարդասիրական օգնություն. Եվրահանձնաժողովը կկրկնապատկի իր մարդասիրական օգնությունը, ևս 5,25 միլիոն եվրո հրատապ օգնություն կավելացվի նախկինում հայտարարված 5,2 միլիոն եվրոյին: Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը վաղը կմեկնի Հայաստան՝ գնահատելու իրավիճակը և քննարկելու հետագա նպատակային աջակցությունը, հատկապես՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով։

EU4Peace ծրագիր. EU4Peace ծրագիրը կլրացվի լրացուցիչ 800․000 եվրոյով՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և լրատվամիջոցներին, որոնք հայտնի են իրենց հավասարակշռված լուսաբանմամբ:

Տարեկան ծրագրեր. Եվրահանձնաժողովը Հայաստանի համար կհավաքի ֆինանսավորում՝ տարեկան ծրագրերի շրջանակներում 15 մլն եվրո հատկացնելու համար, որը կարող է օգտագործվել որպես բյուջետային աջակցություն պետության սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու և սննդամթերքի ու վառելիքի գնումների համար:

Տեխնիկական աջակցություն. Եվրահանձնաժողովը Հայաստանի իշխանությունների հետ կքննարկի տեխնիկական աջակցության հրատապ տրամադրումը, այդ թվում՝ TAIEX և Twinning ծրագրերի միջոցով, որոնցով կլուծվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են օդային և միջուկային անվտանգությունը:

Տնտեսական և ներդրումային պլան (EIP). Եվրահանձնաժողովն աշխատում է տնտեսական և ներդրումային պլանի միջոցով Հայաստանի հետագա աջակցության վրա, ներառյալ՝ ենթակառուցվածքները, որը կարող է ապահովել մինչև 2,6 միլիարդ եվրո ներդրումներ: EIP-ն արդեն տրամադրում է ավելի քան 413 միլիոն եվրո, որը ներառում է լայնածավալ աջակցություն Սյունիքին՝ սոցիալական պաշտպանության և կայուն էներգետիկ լուծումների ոլորտում:

Տարածաշրջանային նախագծեր. Հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի հետ Սև ծովի էլեկտրահաղորդակցման մալուխային նախագծում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում