Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագիրն ավարտվել է

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագիրն ավարտվել է

 Ավարտվել է Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացված «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի կողմից: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արդյունքների ամփոփման ժամանակ ներկայացվել են ծրագրի առանցքային քայլերը, որոնցից են խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման գործընթացի քարտեզագրումը, հարկային ստուգումների կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ստուգումներին մասնակցող աշխատակիցների համար կազմակերպված, նաև տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ դասընթացները։

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը ծրագիրը հաջողված է գնահատել, քանի որ հնարավորություն է ընձեռել կատարելագործել հարկ վճարողներին մատուցվող ծառայություններն ու Պետական եկամուտների կոմիտեի կարողությունները․

 «Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին։ Կարծում եմ՝ առաջիկայում ևս կլինեն համատեղ ծրագրեր, որոնցում կոմիտեն պատրաստակամ է ներգրավվել իր ողջ կարողություններով և մասնագիտական թիմով»,-նշել է նա:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը կարևոր է համարել Հայաստանի շարունակական և կայուն զարգացմանն աջակցելը․

«Այս ծրագրերով մենք խորհրդատվական աջակցություն ենք տրամադրել ՊԵԿ-ին՝ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները և եկամուտների հավաքագրումը բարելավելու համար։ Նպատակն էր՝ Հայաստանում ձևավորել ավելի արդյունավետ և թափանցիկ հարկային ու մաքսային ծառայություններ»։

Ծրագիրն իրագործելիս կարևորվել է հարկ վճարողների իրազեկման մեխանիզմների կատարելագործումը, որի նպատակով մշակվել են հարկային ուղեցույցներ զբոսաշրջության, առևտրի և արտադրության ոլորտների վերաբերյալ։ Բացի այդ, ՊԵԿ-ի կայքում առանձին բաժին է հատկացվել հաճախ տրվող հարցերի վերաբերյալ իրազեկումներին։ Մշակվել են նաև ստուգումների ուղեցույցներ։

«Չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված զգալի մարտահրավերներին՝ ծրագիրն ավարտվեց ժամկետից շուտ։ Կարծում եմ՝ ծրագրի արդյունքում ՊԵԿ-ը կկարողանա էլ ավելի բարելավել հարկերի հավաքագրումները՝ միևնույն ժամանակ կրճատելով այդ ուղղությամբ կատարվող ծախսերը և ջանքերը»,-ընդգշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Համաշխարհային բանկը ՊԵԿ-ին աջակցությունն է ցուցաբերել 17 ուղղություններով։

«Ներգրավել ենք փոքր, միջին և խոշոր հարկ վճարողներին, նաև աուդիտորական ընկերություններին։ Արդյունքում, կարծում եմ, շատ հաջող համագործակցություն է ստացվել՝ կոմիտեի ամենօրյա գործակցությամբ և Համաշխարհային բանկի թիմի արդյունավետ աշխատանքով»,- շեշտել է ծրագրի համակարգող Անահիտ Բասենցյանը։

Ծրագրի շրջանակում մշակվել է նաև մաքսային վարչարարությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ գործողությունների շարք, ինչը կխթանի առևտրի դյուրացման գործընթացը։

Հայաստանի հարկային և մաքսային համակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերը ճիշտ հունով ուղղորդելու նպատակով հարկ վճարողների շրջանում իրականացվել է հարցում։ Արդյունքները վերհանել են հարկերը վճարելու հիմնական շարժառիթները, նաև հարկային և մաքսային բարեփոխումների վերաբերյալ հարկ վճարողների ընկալումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում