Grand Swiss FIDE․ Գաբրիել Սարգսյանն ու Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Լևոն Արոնյանը` հաղթեց
Ռիգայում ընթացող շախմատի 2021 Grand Swiss FIDE մրցաշարում կայացան նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները:
«A1+»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի 9 պատվիրակներից հաջողության հասավ միայն Լևոն Արոնյանը, որն իրեն հատուկ ոճով հաղթեց Ուզբեկստանի շախմատիստ Նոդիրբեկ Աբդուսատորովին: Նա վաստակել է 6 միավոր և բարձրացել 24-րդ հորիզոնական: Ավաղ, մեր գրոսմայստերն այլևս չի կարող նվաճել հավակնորդների մրցաշարի ուղեգիր, քանի որ շանս չունի զբաղեցնելու առաջին երկու տեղերը:
Մրցաշարն առանց պարտության անցկացնող մեր միակ շախմատիստը` Գաբրիել Սարգսյանը, ոչ-ոքի է խաղացել ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի և վաստակել է 6,5 միավոր: Նա դեռ շանս ունի հավասարվելու առաջատարներին, սակայն անհատական վարկանիշով զիջում է նրանց, ուստի նույնպես չի կարող նվաճել հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
Այսօր կայանալիք վերջին` 11-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոյի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտկաներով կխաղա Իսպանիան ներկայացնող փորձառու գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովի դեմ:
Կանանց մրցաշարում արդեն հայտի է հաղթողը: Դա չինուհի Տին Ժիյե Լեյին է, որը 10 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, անհասանելի է դարձել հետապնդողների համար: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնող Աննա Սարգսյանը 4,5 միավորով գտնվում է 34-րդ հորիզոնականում, իսկ Էլինա Դանիելյանը 4 միավորով զբաղեցնում է 44-րդ տեղը:
Կարծիքներ