«Զայեդ» մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, որոնք էական ներդրում են ունենում երկխոսության ամրապնդման գործում. Նազելի Բաղդասարյան

«Զայեդ» մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, որոնք էական ներդրում են ունենում երկխոսության ամրապնդման գործում. Նազելի Բաղդասարյան

Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը միջազգային մակարդակով գնահատում է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը։ Այդ մասին ասված է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում։

 

«Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք։

 

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին և նախաձեռնություններին, որոնք էական ներդրում են ունենում ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և խաղաղ համակեցության ամրապնդման գործում։ Նախորդ տարիներին մրցանակին արժանացել են, ի թիվս այլոց, Ալ Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, ինչպես նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում