Հրաչյա Սարգսյանը և Վալերի Պեկրեսը քննարկել են Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու հարցը
Պաշտոնական այցով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Ողջունելով Հրաչյա Սարգսյանին՝ Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար, և նկատել, որ Երևանի քաղաքապետի այցը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության ծրագրերը՝ քաղաքային պլանավորման կոնկրետ ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետն իր հերթին նկատել է, որ, հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությանը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը:
Կարծիքներ