Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ, չորեքշաբթի հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը դիմել է մի շարք բարեկամ պետությունների համապատասխան կառույցներին ՝ մեղադրյալին անհապաղ ձերբակալելու խնդրանքով, եթե նա հայտնվի այդ երկրների տարածքում:
Ռուս պատգամավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ «Ռոսիա-1»-ի եթերում նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին ՌԴ ԶՈՒ-ն կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին: Բացի այդ, Դելյագինը Telegram-ի իր ալիքում նմանատիպ բովանդակությամբ հարցում է անցկացրել:
Երեքշաբթի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, Դելյագինին կոչ է արել վերահսկել իր անձնական հույզերը և ոչ բարեկամական արտահայտություններ թույլ չտալ Ադրբեջանի հասցեին, որը գործընկեր պետություն է: Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում եւ չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին: Նա նշել է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նման հռետորաբանությունից այն պայմաններում, երբ Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղի շրջանում խաղաղության պահպանման և բոլոր կողմերի համապատասխան պարտավորությունների կատարման ուղղությամբ:
Կարծիքներ