ՀԱԿ-ը` Անշարժ գույքի հարկի մասով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ

ՀԱԿ-ը` Անշարժ գույքի հարկի մասով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Հայ Ազգային Կոնգրեսի հատարարությունը` Անշարժ գույքի հարկի մասով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ․

2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ կարգով ընդունել է “Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” օրենքը, որով էապես բարձրացվել են անշարժ գույքի հարկի հաշվարկային չափերը:

Համաձայն լինելով, որ անշարժ գույքի հարկի գծով հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը հիմնավորապես վերանայելու կարիք կա, միաժամանակ նպատակ չունենալով անդրադառնալու օրենքի ակնհայտ թերություններին, այդուհանդերձ, վերոնշյալ օրենքի ընդունման կապակցությամբ հայտարարում ենք.

Անընդունելի է, երբ անխտիր բոլոր հարկատուների հարկային բեռը կտրուկ ավելացնող օրենքն ընդունվում է արտակարգ դրության իրավիճակում: Պետություն-հարկատու, կամ պետություն-հասարակություն հարաբերություններում անհրաժեշտ է խստորեն պահպանել հավասար հնարավորությունների սկզբունքը: Նման փոփոխություններին անհրաժեշտաբար պետք է նախորդեին լայն հասարակական քննարկումները: Մինչդեռ, ներկայումս, օբյեկտիվ պատճառներով քաղաքացիների սահմանադրական մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակման պայմաններում, վերջիններս զրկված են փոփոխությունների նկատմամբ իրենց վերաբերմունքն ազատորեն արտահայտելու հնարավորությունից:

Պետության գործելաոճը, իրականացվող քաղաքականությունը պետք է կանխատեսելի լինի հասարակության համար: Ուստի, պետք է բացառել հարկային բեռը բազմապատիկ ավելացնող, կամ իրավահարաբերությունները կտրուկ փոխող ցանկացած նախաձեռնություն: Հարկային հարաբերություններում անհրաժեշտ է հետևողականորեն պահպանել հարկային ռեժիմի անփոփոխելիության եռամյա պարբերաշրջանի կանոնը:

Դատելով օրենքի ընդունման առնչությամբ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններից, կառավարությունը հետապնդել է գլխավորապես ֆիսկալ` բյուջետային եկամուտները ավելացնելու նպատակ: Այնինչ, անշարժ գույքի հարկատեսակը համակարգային բազմաբնույթ ազդեցություններ կարող է գործել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, առավելևս համավարակի ներկա և դրան հաջորդող տարիների ընթացքում բերած անխուսափելի բացասական հետևանքների պայմաններում: Անշարժ գույքի հարկի փոփոխությունները պետք է կատարել համալիր փաթեթով բարեփոխումների համատեքստում` ներառելով, մասնավորապես, եկամուտների և գույքի համընդհանուր հայտարարագրման համակարգի, ժառանգության և հարստության հարկերի ներդնումը, կապիտալի շուկայի կարգավորումը և այլն:

 

Այսպիսով, նկատի ունենալով սոցիալական շերտերի ընդգրկվածության առումով անշարժ գույքի հարկի յուրահատկությունը, հարցի կարևորությունն ու հրատապությունը, առաջարկում ենք ՀՀ կառավարությանը վերանայել իր մոտեցումներն այս հարցում, նախաձեռնել օրենսդրական փոփոխությունների չեղարկումը և կոնցեպտուալ հիմքի վրա խնդրին անդրադառնալ արտակարգ դրության ռեժիմն ավարտվելուց հետո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում