Բարձրակարգ երաժշտության միամսյակ. ամփոփվել է «Արմենիա» փառատոնը
Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով ամփոփվել է «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը մեկ ամիս շարունակ դասական երաժշտության սիրահարներին բարձրակարգ համերգներ է մատուցել միջազգային համբավ վայելող երաժիշտների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ամփոփիչ համերգային երեկոյի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են հետևյալ ստեղծագործությունները՝ Պյոտր Չայկովսկի՝ Պոլոնեզ «Եվգենի Օնեգին» օպերայից, Ալեքսեյ Շոր՝ Դաշնամուրի կոնցերտ «Իմ գրապահարանից», Արամ Խաչատրյան՝ երեք հատված «Սպարտակ» բալետից։
Միխայիլ Պլետնյովը մեր ժամանակների ամենաինքնատիպ երաժիշտներից է, որի մեջ ներդաշնակվում են դաշնակահարի, դիրիժորի և կոմպոզիտորի տաղանդները։ Նա ՌԴ ազգային նվագախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։
Պլետնյովը նշում է, որ ամեն անգամ մեծագույն հուզմունք է ապրում՝ լինելով Հայաստանի սրբազան հողում։ Անդրադառնալով դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը՝ Միխայիլ Պլետնյովը նշել է. «Սերգեյ Սմբատյանը շատ ակտիվ ներգրավված է Հայաստանի երաժշտական կյանքում և ոչ միայն։ Նրա ղեկավարած նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ակտիվ գործունեություն է ծավալում։ Ես մեծ հաճույք եմ ստացել՝ կրկին աշխատելով Սերգեյ Սմբատյանի հետ։ Եվ, իհարկե, պետք է խոնարհվել այն մարդկանց առաջ, որոնք այս պայմաններում ժամանակ ցանկություն ու միջոցներ են գտնում՝ անցկացնելու այնպիսի հրաշալի փառատոն, ինչպիսինն է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը»։
Փառատոնը մեկ ամսվա ընթացքում երաժշտասերներին է մատուցել 12 սիմֆոնիկ և 5 կամերային համերգներ, որոնց ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես են եկել 17 մենակատարներ, համերգներն էլ ղեկավարել են 11 անվանի դիրիժորներ՝ տարբեր երկրներից։ Երաժշտասերները հնարավորություն են ունեցել ունկնդրելու ջութակահարներ Գիլ Շահամին, Մարկ Բուշկովին, Գրաֆ Մուրժային, դաշնակահարներ Պավել Գիլիլովին, Վլադիմիր Օվչիննիկովին, Յոլ Ում Սանին, թավջութակահար Սթիվեն Իսերլիսին, ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովին, բանդոնեոնահար Յուրի Մեդյանիկին և այլոց։ Փառատոնի շրջանակում հանդես են եկել նաև դիրիժորներ Ֆելիքս Կորոբովը, Ջանլուկա Մարչիանոն, Դմիտրի Յաբլոնսկին, Անտոն Շաբուրովը, Միխայիլ Կիրխհոֆը, Իլյա Նորշտեյնը, Լավարդ Սկոու-Լարսենը և այլք։
Նշենք, որ փառատոնն ուներ նաև կրթական բաղադրիչ։ Հոկտեմբերի 1-30-ը փառատոնի շրջանակում Երևանում կայացել է «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիան։ Այն կազմակերպվել էր «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ։ Մեկ ամսվա ընթացքում 20 աշխարհահռչակ երաժիշտներ և պրոֆեսորներ վարպետության դասեր են անցկացրել հիմնադրամի կրթաթոշակառուների և ազատ ունկնդիրների համար։ Ակադեմիայի շրջանակում կազմակերպված վարպետության դասերի յուրօրինակ ամփոփում-հաշվետվություն էր «Շնորհալի Հայաստան» համերգաշարը: Երեք համերգների ընթացքում պատանի երաժիշտներն ունկնդրի դատին են ներկայացրել իրենց մասնագիտական հմտություններն ու ակադեմիայի շրջանակում ստացած գիտելիքները: Վարպետության դասերին մասնակցելու կապակցությամբ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատանի երաժիշտներին վկայականներ է հանձնել:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» (EUFSC) ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Կարծիքներ