Կիմ Չեն Ընը Միջկորեական կապի գրասենյակը պայթեցրել է Հս․ Կորեայի տարածք ուղարկված և իր կնոջը նսեմացնող լուսանկարների պատճառով. NYP (լուսանկար)
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն այնքան կատաղած է եղել հարավկորեացի ակտիվիստների՝ դեպի Հյուսիսային Կորեայի տարածք արձակած օդապարիկների վրա առկա իր կնոջ «կեղտոտ, վիրավորական» լուսանկարների առնչությամբ, որ պայթեցրել է Սեուլի հետ Միջկորեական կապի գրասենյակը և սպառնացել է ռազմական գործողություններ սկսել, գրում է The New York Post-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորայի մեկնաբանությունները։
Հաղորդվում է, որ մայիսի 31-ին Հյուսիսային Կորեա ուղարկված առաջին տիկին Լի Սոլ Չժուի պատկերով սադրիչ թռուցիկները Փհենյանում «լուրջ վրդովմունք» են առաջացրել։
«Թռուցիկները կեղտոտ, վիրավորական քարոզչություն էին պարունակում, որն ուղղված էր առաջնորդի կնոջը»,- ՏԱՍՍ-ին ասել է Մացեգորան:
Նա նշել է, որ առաջին տիկնոջը նսեմացնող և «Ֆոտոշոփ»-ի ենթարկված լուսանկարները «լցրել են Հյուսիսային Կորեայի համբերության բաժակը»՝ դառնալով հունիսի 16-ին ապառազմականացված գոտու մոտ՝ սահմանից հյուսիս գտնվող Միջկորեական կապի գրասենյակի շենքի պայթեցման դրդապատճառը, որն ավելի է խորացրել երկու երկրների միջև լարվածությունը։
2018թ.-ին Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները համաձայնագիր էին ստորագրել՝ կողմերի միջև թշնամանքի վերացման և համագործակցության վերաբերյալ: Վերջին շրջանում, սակայն, երկկողմ հարաբերությունները կրկին լարվել են. պատճառն այն է, որ չնայած Փհենյանի զգուշացումներին, հարավկորեացի ակտիվիստները սահմանին դեպի Հյուսիսային Կորեայի տարածք օդապարիկներ են արձակել, որոնց վրա քարոզչական կարգախոսներ են փակցված եղել:
Կարծիքներ