Մարկ Ցուկերբերգը Բեռնար Առնոյին դուրս է մղել աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակից
Պերճանքի իրեր արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն լքել է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը՝ տեղը զիջելով Մարկ Ցուկերբերգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշային աղյուսակի տվյալները:
Առնոյի կարողությունը կազմում է 185 մլրդ դոլար։ Երրորդ դիրք է բարձրացել META-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը գնահատվում է 188 մլրդ դոլար: Մեկ օր առաջ Առնոյի և Ցուկերբերգի կարողությունը կազմում էր համապատասխանաբար 184 և 183 միլիարդ դոլար, հետևում է Bloomberg-ի տվյալներից։ Այսպիսով, Առնոն լքում է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը՝ իր տեղը զիջելով ամերիկացի ձեռնարկատերերին։Երկրորդ տեղն առաջվա պես զբաղեցնում է ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր և նախկին ղեկավար Ջեֆ Բեզոսը. նրա հարստությունը գնահատվում է 193 միլիարդ դոլար։ Իսկ առաջատարը մնում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի կարողությունը կազմում է 235 միլիարդ դոլար։
Հինգերորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 154 մլրդ դոլարի կարողությամբ: Այսպիսով, ամերիկացիները չորս հորիզոնական են զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակում, ինչպես նաև ինը դիրք՝ առաջին տասնյակում։Մեկ օր առաջ ամերիկյան ֆոնդային շուկան զգալիորեն աճել է. Tesla-ի բաժնետոմսերն օգոստոսի 13-ին թանկացել են 5,24 %-ով, Amazon-ինը՝ 2,06 %-ով, Meta Platforms-ինը՝ 2,44 %-ով։
Կարծիքներ