Թուրքիան շարունակում է արգելափակել Լեհաստանի եւ Բալթյան երկրների համար պաշտպանական ծրագիրը
Թուրքիան շարունակում է արգելափակել Լեհաստանի եւ Բալթյան երկրների համար պաշտպանական ծրագիրը՝ չնայած այն գործարքին, որն անցյալ տարի կնքվել է Թուրքիայի նախագահի եւ դաշնակից առաջնորդների միջեւ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագետներին։
Վերջիններիս խոսքերով՝ թեեւ Անկարան հավանություն է տվել «Արծվի պաշտպան» անվանումով ծրագրին, նա թույլ չի տվել ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարներին այն կյանքի կոչել։
Դա վկայում է այն մասին, որ Անկարայի, Փարիզի եւ Վաշինգտոնի միջեւ նախկինի պես տարաձայնություններ կան՝ կապված անցյալ տարի Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման հետ։
«Թուրքիան հրաժարվում է ընդունել այդ ծրագրերը, եթե մենք «Դեմոկրատական միությունը» եւ Քրդական աշխատավորական կուսակցությունը չճանաչենք որպես ահաբեկչական կազմակերպություններ»,- հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Մենք ասում ենք՝ ոչ»: Մենք պետք է համերաշխություն դրսեւորենք արեւելյան դաշնակիցների հետ, եւ այդ ծրագրերի արգելափակումն անընդունելի է»,- ասել է պաշտոնյան:
Դեկտեմբերին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը համաձայնել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եւ դաշնակից մյուս ղեկավարների հետ, որպեսզի հետ կանչի այդ պահանջները:
Թուրքիան սկսեց հարձակումը Սիրիայի հյուսիսում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հոկտեմբերին այդ շրջանից դուրս բերեց 1000 զինվորականների: ՆԱՏՕ-ում Անկարայի դաշնակիցներն ասում են, որ ներխուժումը խափանում է ԻԳԻԼ-ի գրոհայինների դեմ պայքարը:
Բալթյան երկրների եւ Լեհաստանի համար ծրագիրը ուղղակիորեն կապված չէ Սիրիայում Թուրքիայի ռազմավարության հետ, սակայն բարձրացնում է անվտանգության խնդիրը ՆԱՏՕ-ի բոլոր սահմաններին:
ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի համաձայն, մի դաշնակցի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա, եւ դաշինքն իր ամբողջ տարածքում ունի հավաքական պաշտպանության ռազմավարություններ:
Կարծիքներ