Իրաքի խորհրդարանում կառավարությանը կոչ են արել երկրից դուրս բերել միջազգային կոալիցիայի զորքերը
Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը երկրի կառավարությանը կոչ է արել արագորեն համաձայնագիր կնքել միջազգային կոալիցիայի երկրների զորքերը Իրաքից դուրս բերելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Իրաքի խորհրդարանական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։
«Նման հարձակումները (խմբ․ ԱՄՆ-ն՝ ի պատասխան Հորդանանում իր ռազմակայանի վրա հարձակման, Սիրիայի և Իրաքի տարածքներում հարվածներ է հասցրել Իրանի հետ կապ ունեցող թիրախների) խախտում են Իրաքի ինքնիշխանությունը, և դրանց կրկնությունը թուլացնում է Իրաքի և ԱՄՆ-ի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը, որը համատեղ ռազմական համագործակցության համաձայնագրի մի մասն է, ինչը պետք է վերանայվի», - ասված է հայտարարության մեջ:
Խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում Իրաքի կառավարությանը պատասխանատվություն ստանձնել իրաքյան զինված ուժերի ճյուղերից մեկի՝ «Ժողովրդական միլիցիայի» անդամների պաշտպանության համար՝ պաշտոնական բողոք ներկայացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և արագացնելով Իրաքից ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ուժերի դուրս գալու շուրջ համաձայնության հասնելու գործընթացը։
Միացյալ Նահանգներն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորդանանում իր ռազմակայանի դեմ իրականացված հարվածներին պատասխանելու նպատակով հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և նրա հետ կապված ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախների Իրաքում և Սիրիայում։
Ըստ ԱՄՆ բանակի՝ ամերիկյան օդանավերի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստարաններ, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դաշնակից ուժերի համար զինամթերքի մատակարարման շղթաների շահագործումն ապահովելու համար:
Կարծիքներ