Շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ՝ «Զինառ» ՓԲԸ-ում
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է ուսումնասիրությունը «Զինառ» ՓԲԸ-ում:
2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ:
Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Զինառ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 908 որոշման համաձայն: Ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնադրի լիազորությունները վերապահված են Պաշտպանության նախարարությանը:
Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն (այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտուր, կենցաղային սպասարկման ծառայություններ, զինվորական համակարգի ստորաբաժանումներում և տեղամասերում) իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը։
Խախտումները մասնավորապես վերաբերվել են՝
Ընկերության կողմից խանութ-թեյարանների գծով իրականացված գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 82 մլն դրամի խախտումներ, մասնավորպես, խանութ-թեյարանների վարձավճարների հաշվարկման կարգի խախտմամբ պայմանագրային գների հաշվարկման արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել, առանց պայմանագրերի, կամ առանց որևէ իրավական հիմքերի գործել են խանութ-թեյարաններ, կնքված պայմանագրերով սահմանված չափից վարձավճարները պակաս են հաշվարկվել և գանձվել։
Ընկերությանը պատկանող արտադրակենցաղային կոմբինատի աշխատակիցներին վճարվել է շուրջ 7.7 մլն դրամ աշխատավարձ այն պարագայում, երբ նույն ժամականահատվածում արտադրական գործունեություն չի իրականացվել և տվյալ տարածքում արտադրական գործունեություն է իրականացրել մեկ այլ ընկերություն։ Ավելին, կոմունալ ծառայությունների համար շուրջ 1.2 մլն դրամ «Զինառ» ՓԲԸ-ն վճարել է գործունեություն իրականացրած կազմակերպության փոխարեն։
2017-2018 թվականների ընթացքում որպես փաստացի ծախս ավել է արտացոլվել, կամ շահույթը պակաս է հաշվարկվել շուրջ 50 մլն դրամով, որից զուտ շահույթը պակաս է հաշվարկվել և ՀՀ ՊՆ արտաբյուջե պակաս է վճարվել շուրջ 32 մլն դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե պակաս շահութահարկ է վճարվել շուրջ 8 մլն դրամ:
2017-2018 թվականների ընթացքում Ընկերության դրամարկղից կանխիկ ելքագրված և առհաշիվ տրված գումարներից շուրջ 12 մլն դրամի իրականացված ծախսերը չեն հիմնավորվել՝ բացակայել են ծախսերը հիմնավորող փաստաթղթերը,
- Հաստիքացուցակում ներառվել է լիազոր ներկայացուցչի հաստիք, որը հակասում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը, իսկ լիազոր ներկայացուցչին վճարված շուրջ 4.5 մլն դրամի աշխատավարձը չի հիմնավորվել։
Կանոնակարգված չէ զորամասերում ինչպես սուրճի վենդինգային ապարատների տեղադրման, այնպես էլ խանութ-թեյարանների շահագործման գործընթացը: Չի հիմնավորվել Ընկերության կողմից սուրճի վենդինգային ապարատների տեղադրման համար տարածքների հատկացումը: 2019թ-ին թվով 10 զորամասերում գործել են թվով 15 սուրճի վենդինգային ապարատներ առանց պայմանագրերի կամ որևէ իրավական հիմքերի, որի արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել։
Չի պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում Ընկերության կողմից ձեռք է բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։
Համադրելով ստացված արդյունքը և ծախսված միջոցները՝ արդյունավետության վերահսկողության տեսանկյունից առաջարկվել է դադարեցնել Զինառ ՓԲԸ-ի հետագա գործունեությունը՝ նույն գործառույթները վերապահելով ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին:
Տեղեկանքի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
Կարծիքներ