Կադիրովին քննադատած չեչեն բլոգերի սպանության մեղքն իրենց վրա են վերցրել նրա ազգականները (տեսանյութ)
Վիեննայից Անզոր կեղծանունով հայտնի չեչեն քաղաքական ներգաղթյալ, բլոգեր Մամիխան Ումարովի սպանության համար իրենց մեղավոր են ճանաչել նրա ազգականները, որոնք Չեչնիայի Մեսկեր Յուրթ գյուղից են: Այս մասին գրում է «Кавказ.Реалии»-ն:
Վիեննայում սպանված Չեչնիայի ղեկավարի քննադատի հարազատները տեսանյութ են նկարահանել, որում խոստովանել են հանցանքը:
«Մեր ցեղից շուն կար, որն ապրում էր Եվրոպայում` Մամիխան Ումարովը: Մինչև նրա հարցերը չլուծվեին, մենք չէինք կարող երևալ: Մենք փորձում էինք կապ հաստատել նրա հետ և կանգնեցնել նրան: Մենք փորձում էինք համոզել նրան դադարել, էլ չանել նման բան: Նա մեզ պատասխանում էր, որ Եվրոպայի հատուկ ծառայություններն իրեն հանգիստ չեն թողնում, և ինքը պետք է նրանց հրամանով ասի դա»,-չեչեներենով պատմել է Ումարովի մերձավոր ազգականը:
Նրա խոսքով` այդ ժամանակ «Ումարովի հարազատները հասկացել են, որ նրան պետք է կանգնեցնել ցանկացած միջոցով»:
«Մենք նրան կանգնեցրինք, որովհետև պետք է դա անեինք: Եվրոպայում շատ մարդիկ են ձերբակալվել, որոնք առանց պատճառի կասկածվում են սպանության համար: Ինչ-որ արվել է, մեր կողմից է արվել: Դա մենք պետք է անեինք: Մի տանջեք մարդկանց, հանգիստ թողեք»,-ասել է Ումարովի ազգականը:
Տեսաուղերձին միացել են սպանվածի հորեղբայր Վախա Ումարովը և քեռի Լոմ Ալի Ուսմանովը:
«Մենք հավաքվել ենք, որպեսզի դիմենք հանրապետության ժողովրդին և ղեկավարին և ներողություն խնդրենք: Ինչ վիրավորական բան նա ասել է, ասել է մեր դեմ»,-նշել են Ումարովի հարազատները:
Ավելի վաղ Ումարովի այրին` Զարեման հայտարարել էր, որ իր ամուսնու սպանության համար մեղավոր է Չեչնիայի ղեկավարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ավստրիայում ձերբակալվել է երկու չեչեն, որոնք կասկածվում են բլոգեր, Ռուսաստանում ահաբեկչական համարվող «Իչկերիայի Չեչենական Հանրապետություն» կազմավորման համակիր Մամիխան Ումարովի սպանության համար. սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 4-ին:
Ումարովը 43 տարեկան էր, քաղաքական ապաստան էր ստացել Ավստրիայում և ապրում էր Գերասֆորդ քաղաքում Մարտին Բ. անունով, վարում էր յութուբյան բլոգ: Իր բլոգում Ումարովը բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, նրա ընտանիքի, մասնավորապես մոր` Այմանի Կադիրովայի հասցեին:
Կարծիքներ