Փոփոխվում է օդաչուի առավելագույն տարիքային շեմը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Փոփոխվում է օդաչուի առավելագույն տարիքային շեմը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Հայաստանում նախատեսվում է սահմանել, որ օդաչուի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 60 տարին, իսկ օդանավում մեկից ավել օդաչուի առկայության դեպքում՝ 65 տարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է օդաչուների առավելագույն տարիքը, մեկ օդաչուի դեպքում այն չի կարող գերազանցել 60 տարին, իսկ 1-ից ավելի դեպքում՝ 65 տարին՝ այն պայմանով, որ օդանավում մեկից ավելի օդաչուի առկայության դեպքում 60 տարին անց կարող է լինել օդաչուներից միայն մեկը»,-ասաց փոխնախարարը:

Առաջարկվող փոփոխություններով կանոնավոր և ոչ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրամադրումը, կասեցումը, դադարեցումը վերապահվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Առաջարկվում է ավիացիոն անվտանգության համալիր միջոցառումների արդիականացում և միջազգային ստանդարտների և պահանջների համապատասխանեցման վերաբերյալ փոփոխություններ:

Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ օդանավի հրամանատարի, երկրորդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին: Օդանավի թռիչքի ժամանակահատվածում թռիչքային անձնակազմում նշված ավիացիոն մասնագետներից 60 տարին անց կարող է լինել միայն մեկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում