Կլինեն հումանիտար խնդիրների և գերիների վերաբերյալ հարցերի քննարկումներ․ Փաշինյանն ՝ իր և Ալիևի հանդիպման մասին

Կլինեն հումանիտար խնդիրների և գերիների վերաբերյալ հարցերի քննարկումներ․ Փաշինյանն ՝ իր և Ալիևի հանդիպման մասին

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ասուլիս է հրավիրել։ Պատասխանելով «Տասս» լրատվական գործակալության հարցին, թե ինչու են ինքը և Իլհամ Ալիևը որոշել հանդիպել Բրյուսելում դեկտեմբերի 15-ին, դիտարկելով, որ դա դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից, Փաշինյանը նշեց։

 «Ես դեռ ամռանը հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակներում ունենալ բանակցություններ և հանդիպումներ Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով։ Մեր երկրների ԱԳ նախարարներն այդ ֆորմատով արդեն  հանդիպումներ ունեցել են, և ակնկալում ենք, որ համանախագահությունը կկազմակերպի այդպիսի հանդիպում։ Մենք պատրաստակամ ենք։ Դեկտեմբերի 15-ի հանդիպումը նորություն չէ։ ԵՄ նախագահ Շարլ Միշելը  դեռևս ամռանը տարածաշրջան կատարած իր այցի շրջանակներում առաջ էր քաշել այդպիսի առաջարկ։ Ասել էր, որ դեկտեմբերի 15-ին տեղ է ունենալու Արևելյան գործընկերության գագաթաժողովը և գաղափար առաջարկեց՝ կազմակերպել հանդիպում իմ և Իլհամ Ալիևի միջև։ Ես այն չեմ մերժել, ասել եմ դեկտեմբերը, երբ մոտենա ավելի մանրամասն կքննարկենք։ Երկուսս էլ հաստատել ենք մեր մասնակցությունը գագաթաժողովին, և դրա շրջանակներում պատրաստակամություն ենք հայտնել հանդիպել»։

«Արմենպրեսս» լրատվական գործակալության այն հարցին ի պատասխան, թե այդ հանդիպումից ինչ ակնկալիք ունի ՀՀ-ն, վարչապետը նկատեց՝ կարևոր նրբություն է  այն տվյալը, որ տարբեր ֆորմատներում քննարկվող հարցերը փորձելու են չխառնել իրար։

«Կլինեն հումանիրտար հարցեր, գերիների վերաբերյալ հարցեր, և ընդհանուր Եվրամիության, Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների հարցեր կքննարկվեն։ Ես չեմ կարծում ճիշտ է ձևավորել ակնկալիք՝ նեգատիվ կամ պոզիտիվ։ Արագ արդյունքների ակնկալություն պետք չէ ձևավորել։ Այո, տարածաշրջանում կա լարվածություն, դրա հաղթահարման համար մենք պետք է բանակցենք։ Շատ  կարևոր է, որ ՀՀ-ի ներսում ու դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված լուծումներ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում