Իրանում միլիոնավոր մարդիկ մասնակցել են Աշուրայի ամենամյա միջոցառումներին
Միլիոնավոր մարդիկ ողջ Իրանում երկուշաբթի օրը մասնակցել են ամենամյա սգո արարողություններին, որոնք նվիրված են երկրի կարևորագույն կրոնական իրադարձություններից մեկին՝ Աշուրային: Իրադարձությունների կադրերը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Այս օրերին հավատացյալ իրանցիները հագնում են սև հագուստ, ափերով ծեծում են կրծքին՝ ի նշան վշտի և երգում կրոնական օրհներգեր։ Իրանական լրատվամիջոցները հրապարակել են արարողություններին երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի և հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի լուսանկարները։
Թեհրանի ողջ տարածքում, ինչպես նաև Իրանի այլ խոշոր քաղաքներում տեղադրվել են հատուկ սև վրաններ, որոնցում ցանկացողներին անվճար թեյ և սնունդ են առաջարկվում։
Աշուրան կրոնական սուգ է յոթերորդ դարում մահացած Մուհամեդ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի համար: Համապատասխան միջոցառումներն անցկացվում են լուսնային մուսուլմանական օրացույցով Մուհարրամ ամսվա առաջին 10 օրերին (այս տարի հուլիսի 30 - օգոստոսի 8)։
Կարծիքներ