Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը նախնական հաշվետվություն է ներկայացրել նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի պատճառների մասին

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը նախնական հաշվետվություն է ներկայացրել նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի պատճառների մասին

Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հանգամանքներն ու պատճառները հետաքննող բարձրաստիճան հանձնախմբի նախնական հաշվետվությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է IRNA գործակալությունը:

Հաշվետվության մեջ ասված է, որ հավաքվել է տարբեր մասնագիտական, տեխնիկական և ընդհանուր բնագավառներում տեղեկատվության զգալի մասը, որը կարող է կապված լինել պատահարի պատճառների հետ:

Ըստ փաստաթղթի՝ որոշ գործողություններ վերջնական եզրակացության համար պահանջում են ավելի շատ ժամանակ․ դրանք գտնվում են քննության գործընթացում, իսկ որոշ հարցերի վերաբերյալ կարելի է վստահ հայտարարություններ անել, որոնք հետևյալն են.

Ուղղաթիռը շարունակել է հետևել նախապես պլանավորված երթուղուն և չի շեղվել դրանից մինչև դեպքից մոտավորապես մեկուկես րոպե առաջ։

Վթարային ուղղաթիռի օդաչուն կապի մեջ է եղել խմբի երկու մյուս ուղղաթիռների հետ։

Վթարային ուղղաթիռի բեկորներում փամփուշտի կամ նման այլ բաների հետքեր չեն հայտնաբերվել։

Վթարային ուղղաթիռը բռնկվել է բարձունքներին բախվելուց հետո:

Տեղանքի բարդության, մառախուղի և ցածր ջերմաստիճանի պատճառով որոնողական գործողությունը շարունակվել է մինչև գիշեր և գիշերը նույնպես շարունակվել է, իսկ երկուշաբթի օրվա (խմբ․՝ մարտի 20-ի) լուսադեմին (առավոտյան ժամը 5-ին) (իրանական) անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ճշգրիտ որոշվել է պատահարի վայրը, և ցամաքային ուժերը սկսել են որոնողական գործողությունն այդ շրջանում:

Ավիախմբի հետ կարգավարական աշտարակի խոսակցություններում նույնպես կասկածելի ոչինչ չի եղել։

Հրապարակման մեջ նշվում է, որ ուղղաթիռի վթարի հետ կապված փաստաթղթերի զգալի մասը հավաքվել է, և որոշ մանրամասնությունների և փաստաթղթերի ուսումնասիրման համար կպահանջվի ավելի շատ ժամանակ, որոնք մանրազնին վերլուծությունից և փորձաքննությունից հետո Իրանի ժողովրդին կհաղորդվեն հետագա հայտարարություններում:

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում