ԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա
ԱՄՆ-ն շուտով լրացուցիչ ուժեր կուղարկի Լեհաստան, Գերմանիա և Ռումինիա։ Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Պենտագոնի խոսնակը պարզաբանել է, որ ուժեր են ուղարկվում տարածաշրջան «ոչ ընդմիշտ»։
«Սա արձագանք է ստեղծված իրավիճակին, նրանք (ուղարկված զինվորականները) չեն կռվի Ուկրաինայում»,- ասել է Քիրբին:
Ուժեր ուղարկելը, նրա խոսքերով, անհրաժեշտ է տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու համար»:
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հավանություն է տվել մի քանի հազար լրացուցիչ զինվորականների տեղակայմանը Եվրոպայում, գործընթացը տեղի կունենա մոտ օրերս։ Այսպիսով, նախատեսվում է Լեհաստան ուղարկել մոտ երկու հազար զինվորական և ևս մի քանի հազար զինվորական՝ ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի, այդ թվում՝ Ռումինիայի ուղղությամբ։
Կարծիքներ