Լոռու մարզպետը Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակության հետ քննարկել է հետագա գործակցության հեռանկարները
Վանաձոր-Ռեգեն համագործակցության ութնամյակի կապակցությամբ Լոռու մարզում էր Գերմանիայի Ռեգեն երկրամասի պատվիրակությունը` շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորությամբ:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, ՏԿԵ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանի, մարզային և քաղաքային իշխանությունների պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպման նպատակը ներկա և ապագա համատեղ ծրագրերի քննարկումն էր, համագործակցության ուղղությունների ու ռազմավարությունների հստակեցումը, ձեռքբերումների արձանագրումը:
Վանաձորի և Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի միջև համագործակցությունը ձևավորվել է տարիներ առաջ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ՝ «Լավ Կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի Վանաձոր-Ռեգեն գործընկերության շրջանակներում:
Պատվիրակության անդամներին ողջունել է Լոռու մարզպետը՝ շնորհակալություն հայտնելով երկարամյա համագործակցության և իրականացված բազմաթիվ կարևոր ծրագրերի համար:
«Առաջարկում եմ գործակցել ոչ միայն Վանաձոր քաղաքի մակարդակով, այլև ընդլայնել համագործակցությունը՝ ընդգրկելով նաև մարզի մյուս համայնքները»,- ասել է մարզպետը՝ առաջարկելով որպես գործակցության նոր ուղղություն դիտարկել նաև զբոսաշրջությունը:
Ռեգենի շրջանի ղեկավար Ռիտա Րորլը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, նշել, որ Վանաձորի հետ իրականացված համատեղ ծրագրերը ՏԻՄ, տեղական տնտեսական զարգացման, աղբահանության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում արդյունավետ ընթացք են ունեցել, այժմ գործակցությունը շարունակվում է նաև նախադպրոցական կրթության ոլորտում.
«Ծրագրերի ավարտը նախատեսվում է 2023 թվականին և շատ կարևոր է, որ մարզային և քաղաքային իշխանությունները կարողանան ապահովել դրանց շարունակականությունը»,- ասել է Ռիտա Րորլը:
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն իր ողջույնի խոսքում պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել:
Կարծիքներ