ՄՕԿ-ի նախագահի այցը Ճապոնիա կարող է հետաձգվել Covid-19-ի պատճառով
Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը մայիսի 17-ին պետք է մեկնի Ճապոնիա, բայց, հնարավոր է, կորոնավիրուսի պատճառով ուղևորությունը հետաձգվի մինչև հունիս:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Տոկիոյում և երկրի հինգ այլ վարչական տարածքներում արտակարգ ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը: Ճապոնիա կատարելիք այցի ընթացքում Բախը մտադիր է հանդիպել վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ և ներկա լինել օլիմպիական ջահի փոխանցավազքի փուլերից մեկին:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Հայաստանն այժմ ունի 8 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը, Արմեն Մելիքյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:
Կարծիքներ