Պատերազմի հերոս արջը
Վոյտեկը արջի քոթոթ էր, որին գտել էին Իրանում 1942 թ.-ին։ Անդերսի բանակի 22-րդ հրետանային վաշտի զինվորները նրան իրենց խնամքի տակ առան։ Լեհ զինվորները դատարկում էին օղու շշերը, խտացրած կաթ լցնում դրանց մեջ ու կերակրում արջուկին խտացրած կաթով։ Հետագայում քոթոթին նաև միրգ, մարմելադ, մեղր ու օշարակ էին տալիս։ Նրան հաճախ պարգևատրում էին նաև գարեջրով, որը դարձավ նրա սիրելի խմիչքը։ Վոյտեկը սիրում էր նաև ծխել ու ծխախոտներ ուտել։
Իրանից դեպի Պաղեստին երկար ճանապարհորդության ընթացքում արջը դարձավ 22-րդ վաշտի թալիսմանը։ Արջը նստում էր խարույկի մոտ տղաների հետ, ուտում, խմում ու վրաններում քնում մյուս զինվորների հետ։ Նա սիրում էր ըմբշամարտով զբաղվել և անպարտելի էր այս մարզաձևում։ Նրան սովորեցրել էին մարդկանց բարևին ի պատասխան ողջունել նրանց։ Երբ ավտոմոբիլային պահակախումբը ճանապարհ էր ընկնում, Վոյտեկը նստում էր ջիփերից մեկի ուղևորասրահում՝ դուրս ցցելով գլուխը պատուհանից և սարսափահար անելով փողոցի անցորդներին։
Խնդիրն այն է, որ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատարությունը թույլ չէր տալիս իրենց ճամբարում որևէ կենդանի պահել, ուստի Լեհական բանակի զինվորները պաշտոնապես գրանցեցին Վոյտեկին իրենց շարքերում։ Սկզբում նրան շարքային զինվորի կոչում տվեցին, իսկ պատերազմի վերջում արջուկն արդեն կապրալի աստիճան ստացավ։ Շարքայինի կոչում սատանալուց ի վեր Վոյտեկը ներառված էր բոլոր պաշտոնական զորացուցակներում:
Լեհերի համար պատերազմի ամենալուսավոր կետը Մոնտե – Կասսինոյի ճակատամարտն էր։ Սա Արևմտյան ճակատի ամենաարյունոտ ճակատամարտն էր, և լեհերը ներգրավվեցին մարտում ամրոցը գրավելու վերջին ճիգը գործադրելու համար։ Մարտի ընթացքում Վոյտեկը իր ձեռքերին էր կրում զինամթերքի արկղերը: Դրանց մի մասը ավելի քան 45 կգ էին կշռում։ Բանակի անբաժան մասնիկը դարձած այս արջը ռազմամթերքը բեռնատարներից հասցնում էր ճակատային գծերի հրետանային դիրքերը։ Վոյտեկի քայլերն այնքան ոգեշնչող էին նրա ծառայակիցների համար, որ ճակատամարտից հետո Լեհական բանակի 22-րդ հրետանային վաշտի տարբերանշանը փոխվեց։ Նոր տարբերանշանի վրա պատկերված էր Վոյտեկը՝ հաուբիցային ռազմամթերքը ձեռքին։
Պատերազմից հետո Լեհական բանակի որոշ մարտիկներ, այդ թվում և Վոյտեկը, ուղարկվեցին Շոտլանդիա, քանի որ Լեհաստանը Խորհրդային Միության վերահսկողության տակ էր, և բազում զինվորների համար Խորհրդային Միության կողմից կառավարվող ոստիկանական պետությունում ապրելու հեռանկարը բնավ գրավիչ չէր։
Վոյտեկն իր կյանքի մնացած մասն անցկացրեց Էդինբուրգի կենդանաբանական այգում։ Նա միշտ արձագանքում էր, երբ լսում էր, որ կենդանաբանական այգու այցելուները լեհերեն էին խոսում։ Կենդանաբանական այգում նրան այցելում էին իր ծառայակիցները։ Վոյտեկի հին ընկերներից ոմանք ծխախոտ էին նետում նրան, ոմանք էլ անգամ ցատկում էին պարսպից ներս ու ըմբշամարտի բռնվում նրա հետ, ինչպես հին ու բարի ժամանակներում։
Այս արջը Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս է։ Նրա պատվին անգամ արձաններ ու ցուցանակներ կան, որոնք միտված են հավերժացնել արջի խիզախությունն ու անձնվեր ծառայությունը։ Այդպիսի արձաններ ու ցուցանակներ կարելի է տեսնել Լեհաստանում, Էդինբուրգում, Լոնդոնի կայսերական պատերազմական թանգարանում և Կանադայի պատերազմական թանգարանում։
Վոյտեկը մահացավ 1963 թ.-ին 22 տարեկանում։
Կարծիքներ