Արզաքանցյանը ոստիկաններին հայտնել է, որ իրենից պարտք են ուզում, հնչեցրել են սպանության սպառնալիքներ, կան այլ կասկածներ

Արզաքանցյանը ոստիկաններին հայտնել է, որ իրենից պարտք են ուզում, հնչեցրել են սպանության սպառնալիքներ, կան այլ կասկածներ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում սպանության սպառնալիք հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 57-ամյա Ա. Իկոնոմովի նկատմամբ։

Բանն այն է, որ, Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վերջինիս դեմ հունվարի 26-ին ահազանգ է հնչեցրել Գավառ քաղաքում հաշվառված, Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը, որ այդ օրը Փարիզ-Երևան 1060 չվերթով իր կնոջ՝ Նատալիա Արզաքանցյանի հետ ժամանել է Հայաստան ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը, և իրեն հարցրել, թե ե՞րբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։

Ըստ սկզբնաղբյուրի՝ օդանավից իջնելուց հետո Տ․ Արզաքանցյանին դիմավորելիս են եղել զրահապատ BMW և Range Rover մակնիշների ավտոմեքենաներ։ Արզաքանցյանն ասել է, որ կնոջը զրահապատ BMW-ով տանեն Մոնումենտի տուն, իսկ ինքը Range Rover մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ու կատարվածի մասին իր բողոքը գրել թղթին և հանձնել ոստիկաններին։

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները արդեն օդանավակայանում մոտեցել են Ա․ Իկոնոմովին և նրան հրավիրել գծային բաժին, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։ Քննիչի որոշմամբ՝ Ա․ Իկոնոմովը բաց է թողնվել։

Շամշյանի տեղեկություններով՝ առաջիկա 1-2 օրվա ընթացքում պետք է առերեսում կատարվի Տ․ Արզաքանցյանի, նրա տիկնոջ՝ Ն․ Արզաքանցյանի և Ա․ Իկոնոմովի միջև։

Աղբյուրը նաև նշում է՝ Արզաքանցյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Իկոնոմովը «Գլոբալ Դիջիթել Ֆայնենս» ՓԲԸ խորհրդի անդամ է։

Իրավապահների մոտ կան կասկածներ, որ Տ․ Արզաքանցյանը ոչ միայն գույներն է խտացնում, այլ նա իրոք խոշոր չափի գումար է պարտք Ա․ Իկոնոմովվին, և ոչ մի սպանության սպառնալիքներ էլ տեղի չեն ունեցել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում