Համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՍՄ նախարարությունից:
Գործընթացի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ « Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով:
Նախագծի ընդունումը կարևորվում է Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման և նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ:
Սույն որոշման նախագծով Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 19 տարրերից համալրվում է ևս 14-ով:
Այդ 33 արժեքներն են՝ «Մոմերով պար», «Յոթը քար», «Քարկտիկ», «Գյումրիի ատաղձագործությունը», «Ածիկի պատրաստման ավանդույթը», «Կարճևանի բարբառ», «Մեղրի համայնքի չաթանագործության ավանդույթը», «Գորիս և Սիսիան համայնքների բրուտության ավանդույթը», «Ամբողջահատիկ ալյուրից և թթխմորից հացի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Դափի, սանթուրի, սազի կատարողական և նվագարանագործական ավանդույթը», «Կաթնավով մատաղ» և «Բուկա բարանե ծես» արժեքները: Միևնույն որոշմամբ լրամշակվել են նախկինում գրանցված «Կարոս խաչ» վիպասք, «Լարախաղացություն», «Վիճակի երգեր», «Ժողովրդական ավետիսի երգեր», «Խաչբուռ» արժեքների մասին տեղեկությունները:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունն առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:
Կարծիքներ