Վաչե Տերտերյանն ընդունել է Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Պատվիրակության կազմում էին փոխմարզպետ Հելմուտ Փլենքը, «Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ»-ի տնօրեն Հերբերթ Ուննաշը և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Բենեդիկտ Վիմբաուերը։

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Տավուշ-Ռեգեն համագործակցության երկարամյա փորձը կարևորագույն ձեռքբերում է ոչ միայն մարզերի, այլև համագործակցության ակունքներում առաջին իսկ օրվանից կանգնած գործընկերների համար։ Փոխնախարարը նշել է, որ այս համագործակցությունը ՏԿԵ նախարարության ուշադրության կենտրոնում է և մշտապես կստանա վարչական օժանդակություն՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է Ռեգենի մարզի հետ նոր մարտահրավերների և նոր ծրագրերի իրականացման՝ հաշվի առնելով համագործակցության չիրացված հնարավորությունները։
Տերտերյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզում իրականացվում է նաև «Եվրամիությունը մարզերի համար» ծրագիրը, որը կոչված է խթանելու տուրիզմի, գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների զարգացմանը։

Ռիտա Րորլին, շնորհակալություն հայտնելով հյուրընկալելու համար, նշել է, որ գերմանական կողմը պատրաստակամ է և խրախուսում է այս համագործակցությունը՝ կարևորելով տարածաշրջանային զարգացումը։ Ռեգենի մարզպետը հավելել է, որ Հայաստանը թվայնացման մեջ առավելություն ունի և Ռեգենը նույնպես գործուն քայլեր է իրականացնում հայկական փորձը մարզում կիրառելու համար։

Տերտերյանը մասնավորապես ընդգծել է հաջորդ շաբաթ Բեռլինում կայանալիք հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցության հերթական նիստի կարևորությունը, որին կմասնակցի նաև փոխնախարարը, և հույս հայտնել, որ այն կդառնա նոր ծրագրերի իրականացման, կապերի խորացման լավագույն խթանը։ «Միջտարածաշրջանային զարգացման համատեքստում այսպիսի համագործակցությունը շատ լավ բազա է ավելի բարձր ազգային մակարդակում ավելի դժվար խնդիրներ քննարկելու և լուծում գտնելու համար»,- նկատել է Տերտերյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի, կլիմայական փոփոխությունների, բնական աղետների հետևանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀՀ-ում խմելու ջրի պաշարների, ջրսպառման, առկա խնդիրների և ոլորտում իրականացվող ռազմավարության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում