Հաստատում եմ մամուլով շրջանառվող տեղեկությունը. Տիգրան Ուլիխանյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ առաջիկայում կնշանակվի Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Սիրելի՛ հայրենակիցներ
Հաստատում եմ մամուլով շրջանառվող տեղեկությունը Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուս վերաբերյալ։ Երկուշաբթի օրը հանդես կգամ լրացուցիչ հայտարարությամբ»,- գրել է նա։
Նշենք, որ ՊՎԾ պետը շարունակում է լինել Դավիթ Սանասարյանը, սակայն նրա լիազորությունները կասեցված են՝ քրեական գործով անցնելու պատճառով։
Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը եւ պետի պարտականությունները կատարողը Արգիշտի Քյարամյանն էր, սակայն նա էլ այս տարվա մայիսի 4-ին ազատվեց այդ պաշտոնից՝ նախ նշանակվելով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրեն։
Այդ օրից սկսած ՊՎԾ-ն փաստացի ղեկավար չունի։
Ի դեպ, 2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի հունվար՝ Ուլիխանյանը զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին կից կառույց է եւ ստուգումներ է իրականացնում տարբեր կառույցներում։
Կարծիքներ