Կրեմլն արձագանքել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտմանը
Կրեմլը հետևում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների հարձակումը:
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի քարտուղար) - Ռուս խաղաղապահներն իրենց վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն են վերցրել հրադադարի խախտման պատճառով: Հաստատվել են շատ օպերատիվ շփումներ: Իրավիճակն իսկապես մտահոգիչ էր, բայց այն արագ կասեցվել է: Տեղեկությունն իսկապես քիչ է, բայց մենք հետևում ենք իրադարձություններին:
Ռուս խաղաղապահները դիտակետեր են տեղադրում Լաչինի միջանցքում: Դրանք կահավորվում են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու և մոտակա տարածքի հսկողությունը իրականացնելու համար:
ՌԴ ՊՆ - Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Նրանք ապահովում են քաղաքացիական տրանսպորտի երթևեկության և Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխման, պարենի և տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը, ուղեկցում և ապահովում են վերանորոգող բրիգադների անվտանգությունը:
Արցախում շարունակվում է նաև ականազերծումը: Ստեփանակերտի օդանավակայանն օրեր անց կարող է շահագործվել: Պայթյունավտանգ իրերի որոնումն իրականացվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանի հարակից տարածքներում: Մեկ օրում մաքրվել են մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհ, հետազոտվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ նյութ: Արդեն վնասազերծվել է 4811 պայթուցիկ առարկա:
Կարծիքներ