Արմավիրի մարզում 106 տարեկանում կյանքից հեռացել է ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը
Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը, որը բնակվում էր Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Օվսաննա Միրխանյանի որդին՝ Սարգիս Միրախանյանը, տեղեկացրեց, որ մայրը 106 տարեկան էր:
«Նա բարդ վիրահատություններ էր տարել: Բացի այդ, բակում ընկնելու պատճառով չէր կարողանում անկողնուց վեր կենալ: Մենք 5 երեխա ենք: Մայրս 2 դուստր է ունեցել Սիրիայում. մահացել են»,-ասաց Սարգիս Միրախանյանը:
Արմավիրի մարզպետի մամուլի խոսնակ Հերմինե Վարդանյանի խոսքով՝ Օվսաննա Միրխանյանը վերջինն էր ցեղասպանությունը վերապրածներից, որը բնակվում էր Արմավիրի մարզում:
«Վերջին 1-2 տարվա ընթացքում Արմավիրի մարզի բնակավայրերում ցեղասպանությունից ողջ մնացած 4 բնակիչ ունեինք: Նախորդ տարվա տվյալներով՝ մարզում բնակվում էին ցեղասպանությունը վերապրած ու ողջ մնացած 2 հոգի, որոնցից մեկը՝ Օվսաննա Միրխանյանն էր: Ավելի վաղ՝ այս տարի, մահացել էր նաև Վարդանաշեն գյուղում բնակվող մյուս տատիկը՝ Եպրաքսի Գևորգյանը, որը նույնպես ցեղասպանությունը վերապրածներից էր»,-մանրամասնեց Վարդանյանը:
Օվսաննա Միրխանյանն «Արմենպրես» լրատվական գործակալության «Ականատեսը» հատուկ նախագծի հերոսներից էր, նախագծի հեղինակի հետ զրույցում նա պատմել էր Ստամբուլից գաղթի և Հալեպում անցկացրած տարիների մասին:
Կարծիքներ