Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարին հաղթող է ճանաչվել «ORWP Գլենդել» թիմը

Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարին հաղթող է ճանաչվել «ORWP Գլենդել» թիմը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումներին: Հուշամրցաշարին 10 թիմ է մասնակցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել «ORWP Գլենդել» թիմը, որն, ի դեպ, Հայաստան էր ժամանել հենց այս հուշամրցաշարին մասնակցելու նպատակով: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են, համապատասխանաբար, «Արմադա» և «ORWP Երևան» թիմերը։

«Հաղթող թիմերին պարգևատրել է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը և Հենրիկ Հակոբյանի հայրը՝ ավագ մարզիչ Գուրգեն Հակոբյանը (ընկեր Համիկ):

Հենրիկ Հակոբյանը ևս ջրագնդորդ էր, իր թիմի ավագն էր և շատ խոստումնալից՝ իր տարիքայինների խմբում: Նա նաև որպես մարզիչ էր աշխատում «Հիլլս» սպորտային համալիրում: Հենրիկի հայրը՝ մարզիչ Գուրգեն Հակոբյանը (ընկեր Համիկ), ասում է՝ որդու հերոսական մահից հետո որոշել է յուրաքանչյուր տարի՝ Հենրիկի ծննդյան օրը, նրան նվիրված հուշամրցաշար անցկացնել: Հուշամրցաշարն այս տարի անցկացվում էր երկրորդ անգամ. «1,5 ամսվա ծառայող էր Հենոն, երբ պատերազմը սկսվեց: Զոհվեց հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ԱԹՍ-ի հարվածից: Հավատս չէր գալիս, բայց դա էր իրականությունը: Այսօր իր հիշատակը վառ եմ պահում մեր սպորտի՝ ջրագնդակի միջոցով: Հենոն շատ սպորտային տղա էր, ու սպորտից դուրս էլ ամեն ինչով առանձնանում էր»,- ասվում է հաղորդագրության մեջ»:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ 10 թիմով նմանօրինակ հուշամրցաշարի անցկացումը շատ կարևոր էր.  «Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, շատ կարևոր է, հանդիսանում է ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերից մեկը: Մենք այսօր ջրագնդակը տեսնում ենք զրոյական կետից շարժված և առաջ ընթացող: 10 թիմերի մասնակցությամբ այս մրցաշարը վկայությունն է այն բանի, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ հաշվի առնելով այն, որ օրերս այս մարզաձևում լուրջ գործընթաց իրականացրինք՝ միավորելով ֆեդերացիան և դրա շառավիղները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ պետությունն ամեն ինչ անելու է թիմային այս մարզաձևը զարգացնելու ուղղությամբ. «Ջրագնդակը շատ հզոր մարզաձև է՝ լինելով աշխարհի ամենաբարդ մարզաձևերի եռյակում: Ֆիզիկապես շատ է կոփում: Ինչո՞ւ չզարգացնենք, երբ տեսնում ենք, թե ինչ խանդավառություն է տիրում այստեղ: Այսքան երեխա զբաղվում է սպորտով, առողջ ապրելակերպով, դրանով նաև պիտանի մարդ է դառնում այս երկրի համար»:

Ըստ աղբյուրի՝ Կարեն Գիլոյանը նշում է՝ պետությունն ի վիճակի է մի փոքր ավելացնել ֆինանսները և մի օր, հնարավոր է, Հայաստանում նաև ջրագնդակի միջազգային մրցաշար անցկացնենք. «Գուցե դա տեղի ունենա 2 տարի հետո: Երբ տեսնենք, որ ունենք մրցունակ թիմ, Հայաստանում նաև միջազգային պատանեկան մրցաշար կանցկացնենք և զարկ կտանք մարզաձևի զարգացմանը: Ամեն ինչ անելու ենք, որ ջրագնդակը մի օր լինի մեր ուժեղ մարզաձևերից մեկը: Դրա համար քիչ ժամանակ չի պահանջվի, բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝  Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարին մասնակցել է նաև «Զինվորի տան» թիմը, որը ևս կազմավորվել է Հենրիկ Հակոբյանի հոր՝ Համիկ Հակոբյանի ջանքերով. «Իմ նպատակներից մեկը պարալիմպիկ թիմ ստեղծելն էր: Տղաների հետ մարզվեցինք, լողալ սովորեցրինք: Շատ լավ մասնակցեցին նաև այս հուշամրցաշարին»: 

«Ընկեր Համիկի ջանքերով ստեղծվել է նաև «Հենրի հիլլս» ակումբը՝ նվիրված որդու հիշատակին»,- հայտնում են գերատեսչությունից, որի տվյալներով, ընդհանուր առմամբ, Հայաստանում ջրագնդակի 6 ակումբ է գործում, իսկ այս մարզաձևով զբաղվող երեխաների թիվը գերազանցում է 400-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում