Տավուշում անվտանգ երթևեկություն ապահովելու համար մարզի դատախազի պաշտոնակատարը դիմել է ՃՈ պետին

Տավուշում անվտանգ երթևեկություն ապահովելու համար  մարզի դատախազի պաշտոնակատարը դիմել է ՃՈ պետին

 Տավուշի մարզի դատախազությունն ուսումնասիրել է 2020թ. նոյեմբերի 1-ից մինչև 2021թ մարտի 1-ը մարզում տեղի ունեցած ՃԵԿ խախտելու դեպքերը, արձանագրված խախտումներին նպաստող հանգամանքների վերաբերյալ տվյալները և ուղենշել խնդիրներն ու այս ոլորտում հանցավորության դեմ պայքարի մեխանիզմները:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, պարզվել է, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 260 պատահար, որից  48-ի դեպքում 84 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՃԵԿ-ի խախտմամբ 6 պատահարի արդյունքում արձանագրվել է 6 անձի մահվան դեպք: Դեպքերը հիմնականում եղել են արագության գերազանցման և վազանցի կանոնները խախտելու պատճառով:

Փաստական տվյալները վկայում են՝ ավելացել են մգեցված դիմապակի ունեցող, հատուկ ձայնային ազդանշաններով հագեցած և առանց համարանիշների մեքենաներ վարելու դեպքերը:

Դիլիջան ու Իջևան քաղաքներում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելու դեպքերի աճ: Ավելացել են չնախատեսված վայրերում շրջադարձ կատարելու, փակ փողոց մտնելու, հետիոտնին չզիջելու, կենտրոնական հրապարակների չնախատեսված վայրերում կայանելու, վտանգավոր վազանցներ կատարելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու դեպքերը:

Տավուշի դատախազությունն արձանագրել է, որ ալկոհոլի ազդեցությամբ մեքենա վարելու և հնարավոր պատահարների հավանականությունը ավելի մեծ է Դիլիջանում, որովհետև զբոսաշրջային քաղաքում շատ են ժամանցի և ռեստորանային համալիրները:

Տավուշում ՃՈ աշխատանքային թերությունները շտկելու, ՃԵԿ-ի խախտումները բացառելու և պատահարներին նպաստող գործոնները վերացնելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությամբ Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Գոռ Ալոյանը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետին:

Շեշտվել է, որ պատահարները բացառելու և նվազեցնելու համար անհրաժեշտ է ճիշտ բաշխել վերակարգերը, ուժեղացնել հսկողությունը երեկոյան ժամերին և հատկապես  այն վայրերում, որտեղ ավելի հաճախ են պատահարներ լինում: Ընդգծվել է խախտումներ թույլ տվող յուրաքանչյուր անձի նկատմամբ վարչական ներգործության խիստ միջոցներ չձեռնարկելու անթույլատրելիությունը:

Անվտանգ երթևեկություն ապահովելու տեսանկյունից կարևորվել է հանցագործությունների, վարչական իրավախախտումների նախականխման, կանխման , խափանման աշխատանքներում ՃՈ ծառայողների կողմից առավել պատասխանատու վերաբերմունք դրսևորելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում