Էմանուել Մակրոնը ԵՄ-ին առաջարկել է մշակել սահմանների պաշտպանության նոր ծրագիր

Էմանուել Մակրոնը ԵՄ-ին առաջարկել է մշակել սահմանների պաշտպանության նոր ծրագիր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համոզմամբ՝ Եվրամիությունը պետք է նոր մեխանիզմ մշակի Շենգենյան գոտու արտաքին սահմանների պաշտպանության համար։

«Այդ մեխանիզմը պետք է ակտիվացվի ճգնաժամի դեպքում, երբ անհրաժեշտ է ամրապնդել մեր արտաքին սահմանները», – ասել է Մակրոնը։

Նրա խոսքերով, կարելի է քննարկել ԵՄ անդամ մյուս երկրներից սահմաններ անվտանգության ուժեր ու տեխնիկա ուղարկելու հարցը։

 «Եվրոպան պետք է պաշտպանի իր սահմանները», – ասել է Ֆրանսիայի նախագահը՝ ավելացնելով, որ Փարիզը կպահանջի Շենգենյան բարեփոխումներ իրականացնել այն բանից հետո, երբ հունվարին ստանձնի ԵՄ-ի ռոտացիոն նախագահությունը:

Էմանուել Մակրոնը նաև կարծում է, որ Բրյուսելը պետք է քաղաքական վերահսկողություն սահմանի Շենգենյան գոտու վրա՝ եվրոգոտու օրինակով։

«Անհրաժեշտ է պարբերաբար նախարարների հանդիպումներ անցկացնել, որոնցում կարող են որոշումներ կայացվել սահմանների ամրապնդման վերաբերյալ։ Ինձ համար ինքնիշխան Եվրոպան Եվրոպան է, որը վերահսկում է իր սահմանները», – ընդգծել է Մակրոնը՝ նկատի ունենալով իրավիճակը Լեհաստանի և Բելառուսի սահմանին և Լա Մանշում, որտեղ վերջին շաբաթներին փախստականների հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում