Ե՞րբ կավարտվի կորոնավիրուսային համավարակը. Bloomberg-ը հստակ ժամկետներ է կանխատեսել
Հակակորոնովիրուսային պատվաստումների ընթացիկ արագության պահպանման դեպքում աշխարհի բնակչության 75 տոկոսին պատվաստելու համար կպահանջվի 7 տարի: Այս մասին գրում է Bloomberg-ը և նկատում՝ բնակչության հենց այս քանակին պատվաստելու դեպքում միայն հնարավոր կլինի վերջ դնել կորոնավիրուսային համավարակին ու վերադառնալ բնականոն կյանքին:
Գործակալությունը կանխատեսում է, որ հաշվի առնելով պատվաստումների ներկայիս տեմպերը, այս պահի դրությամբ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրություններն ամենամոտն են թիրախային քանակին:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա նշվում է, որ այստեղ պատվաստման գործընթացը, ընդհանուր առմամբ, կտևի մոտ 6 ամիս:
Բացի այդ, գործակալությունը նկատում է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատվաստումների «բաղձալի քանակին» կհասնեն մինչև Նոր տարի՝ չնայած նրան, որ այս երկրում նահանգից նահանգ պատվաստումների մակարդակն էապես տարբերվում է իրարից:
Ամերիկյան պարբերականը փաստում է նաև, որ գործընթացի հետ կապված պատկերը շատ մռայլ է Կանադայում, քանի որ այստեղ պատվաստումների տոմպը կտրուկ դանդաղել է՝ մատակարարման խնդիրների պատճառով:
«Այս տեմպերով շարժվելու դեպքում երկրից 10 տարի կպահանջվի բնակչության 3/4-ին պատվաստելու համար»,- նշվում է հոդվածում ու հստակեցվում՝ գրեթե նույն ժամանակահատվածն անհրաժեշտ կլինի նաև Ռուսաստանի Դաշնությանն ու Հնդկաստանին պատվաստման գործընթացն ավարտին հասցնելու համար:
Միևնույն ժամանակ գործակալությունը կանխատեսում է, որ Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Չինաստանում բնակչության 75 տոկոսին պատվաստելու համար կպահանջվի համապատասխանաբար 2.5, 3.1, 3.8 և 5.5 տարի:
Կարծիքներ