Ինչպես պատրաստել բնական ախտահանող լուծույթ առանց քիմիական նյութերի

Տան մաքրության և տարբեր մակերևույթների ախտահանման համար մարդիկ տարատեսակ վտանգավոր քիմիական նյութեր պարունակող կենցաղային քիմիա են օգտագործում, սակայն նման միջոցները վտանգավոր գոլորշիներ են առաջացնում, ինչը բարձրացնում է շնչառական և այլ համակարգերի օրգանների աշխատանքում խանգարումների զարգացման հավանականությունը։
Նման խնդիրներից խուսափելու համար գերմանացի փորձագետները խորհուրդ են տալիս բնական մաքրող միջոցներ կիրառել, որոնք չեն պարունակի քիմիական նյութեր, ուստի Focus.de պորտալը ներկայացրել է դրանցից մեկի պատրաստման եղանակը։
Այս ախտահանող լուծույթի պատրաստման համար հարկավոր է կես լիտր ջուր և քառորդ լիտր մաքուր քացախ, որն օժտված է հակաբակտերիալ հատկություններով։ Ջուրն ու քացախը հարկավոր է լցնել ցողացիրով որևէ շշի մեջ, այնուհետև ավելացնել 20 կաթիլ նվենու, թեյի ծառի կամ նարդոսի եթերայուղ և լավ խառնել։ Այս եթերայուղերը ոչ միայն հաճելի բույր կհաղորդեն լուծույթին, այլև էլ ավելի արդյունավետ կդարձնեն այն, քանի որ նույնպես օժտված են հակաբակտերիալ հատկություններով։
Մասնագետների խոսքով՝ այս բնական լուծույթը հիանալի միջոց է կեղտոտ մակերևույթների լվացման համար։ Այն հարմար է ինչպես սալիկների, այնպես էլ սանհանգույցի, չժանգոտվող մետաղից պատրաստված իրերի, փայտյա և պլաստիկից պատրաստված մակերևույթների համար։
Նման միջոցի գործածությունը թույլ կտա խուսափել տոքսիկ քիմիական նյութերի հետ շփումից ու ավելորդ պլաստիկ տարաների կիրառումից՝ դրանով իսկ օգնելով նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտման մակարդակը։
Կարծիքներ